Ապրիլի 3-ին «Մեգա Մոլ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցավ ՄՈԳՈ ՈՒՎԿ-ի նոր մասնաճյուղի պաշտոնական բացումը։ Սա ընկերության իններորդ մասնաճյուղն է, որի գործարկմամբ «ՄՈԳՈ»-ն ընդլայնում է իր ֆիզիկական ներկայությունը Երեւանում՝ միաժամանակ արձագանքելով ֆինանսական շուկայում ձեւավորվող նոր միտումներին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մասնաճյուղի գործարկումը միայն տարածքային ընդլայնում չէ, այլ ռազմավարական քայլ՝ հաճախորդներին ավելի մոտ եւ հասանելի դառնալու ուղղությամբ։ Նոր մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով՝ առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 22։00-ն. նպատակն է սպասարկել այն հաճախորդներին, որոնք աշխատանքային ժամերին չեն հասցնում զբաղվել իրենց ֆինանսական հարցերով։
Վաճառքի եւ հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ընկերության առաջնահերթություններից մեկը մնում է արագությունն ու պարզությունը։
Ռուբեն Սարգսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր տեղը շուկայում այնտեղ է, որտեղ հաճախորդը փնտրում է արագություն եւ պարզություն», – նշեց նա՝ հավելելով, որ «ՄՈԳՈ»-ն փորձում է նվազեցնել վարկավորման գործընթացի ժամանակը եւ հաճախորդին հնարավորինս արագ տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում անգրավ վարկերի փոխանցումը կարող է իրականացվել ընդամենը 15 րոպեի ընթացքում։
Ընկերության գործունեության մեջ վերջին շրջանում նկատվում է նաեւ բովանդակային փոփոխություն։ Եթե նախկինում «ՄՈԳՈ»-ն առավելապես կենտրոնացած էր ավտովարկավորման վրա, ապա այժմ այն ընդլայնում է իր առաջարկը՝ ներառելով նաեւ անգրավ սպառողական վարկեր։
Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրել տարբեր վարկատեսակներ՝ կախված իրենց կարիքներից։
Մարքեթինգի բաժնի ղեկավար Սպարտակ Պետրոսյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե բիզնես մոդելի փոփոխության, այլ դրա զարգացման մասին է։
Սպարտակ Պետրոսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մենք չենք փոխում մեր բիզնես մոդելը, այլ ընդլայնում ենք այն», – նշեց նա՝ հավելելով, որ տարբեր շուկաների ուսումնասիրությունը ցույց է տվել՝ հաճախորդների կարիքները սահմանափակ չեն ավտովարկերով։ Նրա խոսքով՝ անգրավ վարկերի ներդրումը թույլ է տալիս ընկերությանը առաջարկել ավելի ճկուն լուծումներ՝ սկսած կենցաղային ծախսերից մինչեւ փոքր բիզնեսի ֆինանսավորում։
Միաժամանակ, ընկերությունը շարունակում է զարգացնել նաեւ թվային ուղղությունը։ Պետրոսյանի խոսքով՝ «ՄՈԳՈ»-ն աշխատում է սեփական հավելվածի վրա, որը պետք է ապահովի ավելի արագ եւ հարմարավետ ծառայություններ։ Նա, սակայն, ընդգծեց, որ ֆիզիկական մասնաճյուղերը շարունակում են մնալ կարեւոր, հատկապես այն դեպքերում, երբ հաճախորդին անհրաժեշտ է անհատական խորհրդատվություն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նոր մասնաճյուղի բացումը «Մեգա Մոլ»-ում ունի նաեւ վարքագծային հիմք։ Ընկերության գնահատմամբ՝ ժամանակակից հաճախորդը հաճախ չի առանձնացնում ֆինանսական ծառայություններից օգտվելու համար հատուկ ժամանակ, եւ նման ծառայությունների գործարկումը առեւտրի եւ ժամանցի կենտրոններում հնարավորություն է տալիս դրանք ինտեգրել առօրյա կյանքին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ շատ հաճախորդներ պարզապես չեն հասցնում աշխատանքային ժամերին լուծել իրենց ֆինանսական հարցերը, ինչի պատճառով նման ձեւաչափը դառնում է ավելի պահանջված։
Բացման ընթացքում ներկայացվեց նաեւ ընկերության նոր մասկոտը՝ «Սլայդերը», որը պետք է կիրառվի «ՄՈԳՈ»-ի բոլոր շուկաներում։ Ընկերության ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս քայլը միտված է բրենդը ավելի հասանելի եւ ընկալելի դարձնելուն՝ ընդգծելով արագության եւ պարզության գաղափարը ոչ միայն ծառայությունների, այլ նաեւ հաղորդակցության մակարդակում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն միջազգային Eleving Group-ի անդամ է, որը ներկայացված է աշխարհի 14 երկրներում։ Այս քայլը կարելի է դիտարկել ավելի լայն շուկայական համատեքստում։ Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները փորձում են համատեղել օնլայն եւ օֆլայն գործիքները՝ ստեղծելով հիբրիդ մոդելներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս պայմաններում «Մեգա Մոլ»-ում նոր մասնաճյուղի բացումը ցույց է տալիս, որ ֆիզիկական ներկայությունը շարունակում է մնալ կարեւոր գործոն, հատկապես այն շուկաներում, որտեղ վստահությունն ու անհատական շփումը դեռեւս մեծ դեր ունեն։ «ՄՈԳՈ»-ի համար սա հնարավորություն է ոչ միայն ընդլայնել իր հաճախորդների բազան, այլեւ՝ վերաիմաստավորել իր դիրքը շուկայում՝ որպես բազմապրոդուկտ ֆինանսական ծառայություններ առաջարկող կազմակերպություն։
Առաջիկայում ընկերությունը կշարունակի զարգացնել ինչպես իր մասնաճյուղային ցանցը, այնպես էլ թվային գործիքները՝ փորձելով համատեղել արագությունն ու հասանելիությունը՝ որպես հիմնական մրցակցային առավելություններ։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի