TRIPP-ը որպես ցամաքային «Պանամայի ջրանցք» Եվրասիայի համար

Ներկայացնում ենք National Interest կայքում հրապարակված Թուրան հետազոտական կենտրոնի տնօրենն է, Յորքթաուն ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Բար Իլան համալսարանի «Բեգին Սադաթ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոզեֆ Իփստայնի The Iran War Shows Why the “TRIPP” Caucasus Corridor Matters հոդվածի հայերեն թարգմանությունը: 
Ջոզեֆ Իփստայն
«Էպիկական ցասում» գործողության մեկնարկից հինգ շաբաթ անց Իրանի հետ պատերազմի ավարտի մասին խոսք չկա: Սակայն դեպի հյուսիս՝ մոտ 1500 մղոն հեռավորության վրա, շատ ավելի արդյունավետ խաղաղ գործընթաց է ընթանում: Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված «դրական զարգացումները»։ Երկու կողմերի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրով նախատեսվում է 27 մղոն երկարությամբ միջանցքի ստեղծում, որը կարող է դառնալ վերջին սերնդի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից արտերկրում կառուցված ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկը. Իրանի հետ պատերազմը ցույց է տալիս, թե ինչու։
Պատմականորեն ամերիկյան հզորությունն իր ճանապարհը հարթել է աշխարհի ամենանեղ անցումներով։ Դրա վառ օրինակն է Պանամայի ջրանցքը՝ նեղուցով անցնող մոտ 50 մղոն երկարությամբ ուղին, որը վերափոխեց համաշխարհային առեւտուրը, նպաստեց ԱՄՆ-ի ազդեցության տարածմանը ողջ Արեւմտյան կիսագնդում եւ գրեթե ինը տասնամյակ մնաց ամերիկյան վերահսկողության տակ։
ԱՄՆ-ի աջակցությունը վայելող TRIPP նախագիծը հետեւում է այս մոդելին։ Այն տարանցիկ միջանցք է, որը միացնելու է Ադրբեջանի հիմնական տարածքը նրա էքսկլավ Նախիջեւանի հետ՝ անցնելով Հայաստանի հարավային հատվածով՝ Իրանի սահմանի մոտ։ Անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը նախաստորագրված այս նախագիծը կարող է նոր ռազմավարական նեղ հանգույց դառնալ եվրասիական մայրցամաքում։
Ինչպես Պանամայի ջրանցքն իր գոյության առաջին տարիներին, TRIPP-ի արժեքը պայմանավորված է ոչ թե դրա չափերով, այլ ռազմավարական կարեւոր դիրքով։ Այս միջանցքը հնարավորություն կտա ապրանքներ փոխադրել Ասիայից Եվրոպա՝ շրջանցելով թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, ինչը Արեւմուտքին կապահովի հասանելիություն Կենտրոնական Ասիայի ռազմավարական օգտակար եւ հազվագյուտ հանածոներին՝ առանց դրանք նախապես Չինաստանի տարածքով տեղափոխելու անհրաժեշտության։
Իրանի հետ պատերազմը ցույց է տալիս TRIPP-ի կարեւորությունը
Հորմուզի նեղուցի ճգնաժամը հստակ ցույց է տալիս այս ծովային ճանապարհի կարեւորությունը։ Փետրվարի 28-ի առաջին հարվածներից ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսեց արգելափակել նեղուցով անցումը, ինչը հանգեցրեց համաշխարհային էներգակիրների մատակարարման ամենալուրջ խափանմանը 1970-ականներից ի վեր։
ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը մշտապես տեղակայված է Բահրեյնում՝ Հորմուզի նեղուցով ազատ նավարկություն ապահովելու նպատակով։ Երբ հութի զինյալները արգելափակեցին նավարկությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, Վաշինգտոնը պատասխանեց ռազմական ուժի կիրառմամբ։ TRIPP նախագիծը նույն տրամաբանությունն է կիրառում ցամաքային միջանցքի նկատմամբ, սակայն այս տրամաբանությունն այլեւս տեսական չէ. ծովային նեղուցները, որոնցից կախված է համաշխարհային տնտեսությունը, արդեն վերածվում են զինված հակամարտությունների պատճառի։
Իրանի թշնամանքը TRIPP-ի նկատմամբ բանավոր հայտարարություններից անցել է  իրական գործողությունների։ Մարտի 5-ին իրանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծեցին Նախիջեւանի միջազգային օդանավակայանը եւ մերձակա դպրոցը, ինչի հետեւանքով տուժեցին խաղաղ բնակիչներ եւ վնասվեց տերմինալը՝ դառնալով միջանցքի առաջին ուղիղ բախումը այն սպառնալիքի հետ, որը կանխատեսել էին նախագծի մշակողները։ ԻՀՊԿ-ի հետ կապված տելեգրամյան  ալիքում հարվածի գոտին նկարագրվեց որպես մի վայր, որտեղ «օտարերկրյա պաշտոնյաները» հարձակումներ էին ծրագրում Իրանի վրա. սա հազիվ քողարկված ակնարկ էր TRIPP-ի ենթակառուցվածքի մասին։ Ի պատասխան՝ նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարեց Ադրբեջանի զինված ուժերին մարտական պատրաստվածության անցնել։
Այնուամենայնիվ, հարվածը Նախիջեւանին չխափանեց խաղաղության գործընթացը, այլ, հակառակը, արագացրեց այն։ Դրանից մի քանի ժամ անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկեցին միջադեպը՝ ընդգծելով հակամարտության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։ Երկու երկրների արտգործնախարարների միջեւ հաջորդ հեռախոսազրույցըառանձնացավ ավելի բարեկամական տոնով։ Զրույցի ընթացքում նշվեցին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հաջողությունները եւ քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության հարցեր։ 
Ռուսաստանը շահագրգռված է Իրանի հակամարտության ձգձգմամբ, քանի որ դա հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, ինչի շնորհիվ ռուսական արտահանողները անսպասելի շահույթ են ստանում, իսկ Կրեմլը կարողացավ ավելի շատ ռեսուրսներ ուղղել իր ֆինանսապես դժվարության մեջ գտնվող ռազմական մեքենային։ Նույն պատճառով Մոսկվան փորձել է խաթարել կամ փակել TRIPP-ը, սակայն առայժմ չի հաջողել։
2023 թվականին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից ի վեր, Ռուսաստանի դիրքերը Կովկասում զգալիորեն թուլացել են։ Անցյալ տարի թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Մոսկվային որպես հիմնական միջնորդ փոխարինեցին Վաշինգտոնով, իսկ Իրանի պատերազմը ավելի ակնհայտ դարձրեց տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանները։ Մոսկվայի արձագանքը Նախիջեւանի հարվածին այսպիսին էր՝ նա կոչ արեց Ադրբեջանին եւ Իրանին, որոնց պաշտոնապես դեռ անվանում է «ռազմավարական գործընկերներ», «առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։
Ցամաքային այլ երթուղիները շարունակում են վտանգված մնալ։ Վրաստանը, որը երկար ժամանակ համարվում էր առանցքային տարանցիկ հանգույց Կովկասում, շարունակում է մերձենալ Մոսկվայի հետ։ «Արեւելք-Արեւմուտք» ավտոմայրուղին անցնում է Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերից ընդամենը 400 մետր հեռավորության վրա, ինչը խոշորամասշտաբ լոգիստիկ գործողությունները դարձնում է խոցելի։ TRIPP-ն առաջարկում է անվտանգ այլընտրանք՝ լրացնելով ավելի լայն Միջին միջանցքը, որը Ասիան կապում է Եվրոպայի հետ։
Ավելի քան 30 տարի Հայաստանը եւ Ադրբեջանը ներգրավված էին հետխորհրդային դարաշրջանի ամենադաժան միջէթնիկական հակամարտություններից մեկում, որի հետեւանքով երկու կողմերից ավելի քան 30 000 մարդ զոհվեց, իսկ շուրջ մեկ միլիոն մարդ դարձավ հարկադիր տեղահանված։ Ռուսաստանը ցինիկաբար օգտագործեց հակամարտությունը՝ պահպանելով երկու հարեւանների կախվածությունը՝ զենք վաճառելով երկու կողմերին եւ աջակցելով Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, միաժամանակ հանդես գալով որպես միջնորդ։ 
Միացյալ Նահանգները համաձայնեցին ապահովել TRIPP նախագծի իրականացումը՝ միջանցքի զարգացման եւ կառավարման համար ստեղծվող ընկերության 74 տոկոս բաժնեմասի դիմաց առաջին 49 տարիների ընթացքում։ Հայաստանը պահպանում է 26 տոկոս բաժնեմասը, սակայն օպերատիվ վերահսկողությունը ամբողջությամբ մնում է Վաշինգտոնի ձեռքում։
Այժմ եկել է պահը, երբ Միացյալ Նահանգները պետք է միջոցներ ձեռնարկի ՝ այս միջանցքի անվտանգությունն ապահովելու համար։ Հորմուզի ճգնաժամը բացահայտեց ծովային փոխադրումներից կախված էներգետիկ մատակարարման շղթաների կառուցվածքային խոցելիությունը։ Ամերիկան շարունակում է մեծապես կախված մնալ Չինաստանից հազվագյուտ հողային տարրերի ներմուծման հարցում՝ ռազմավարական խոցելիություն, որը անցյալ տարի Պեկինը երկու անգամ օգտագործեց՝ սահմանելով արտահանման սահմանափակումներ։ Կենտրոնական Ասիայում կենտրոնացած են աշխարհի կարեւորագույն հանքային ռեսուրսների խոշորագույն պաշարներից մի քանիսը։ Սակայն դրանց հասանելիությունը պատմականորեն ենթադրում էր բեռների տեղափոխում Չինաստանի տարածքով, ինչը խոչընդոտել է մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ TRIPP նախագիծը ստեղծում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող անվտանգ միջանցք, որն ուղղակիորեն կապում է Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ՝ դուրս գալով Պեկինի ազդեցությունից։
TRIPP-ի նկատմամբ քաղաքական դիմադրությունը անհեռատես է
Այս նախագիծն ունեցավ նաեւ անսպասելի հակառակորդ՝ ի դեմս հայկական սփյուռքի լոբբիստական խմբերի: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այս երթուղին անվանել է «Հայաստանի ինքնիշխան իրավունքների զիջում ԱՄՆ-ի կողմից աջակցվող նեոգաղութային կորպորատիվ կոնսորցիումին»: Հայ Յեղափոխական Դաշնակցության ամերիկյան կառույցը TRIPP նախագիծը բնութագրել է որպես «ինքնիշխանության միտումնավոր կորուստ» եւ «դավաճանություն առանց մանդատի»:
Սակայն Իրանում պատերազմն ակնառու կերպով ցույց տվեց հակառակը։ Հայաստանի 26 տոկոս բաժնեմասն այս միջանցքում ապահովելու է կայուն եկամուտ նախագծից՝ անկախ դրա կառավարման գործընթացում ունեցած անմիջական մասնակցությունից, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքները ուղղված են պաշտպանելու այն տարածաշրջանային տերությունների ազդեցությունից, որոնք պատմականորեն սահմանափակել են Հայաստանի ինքնիշխանությունը։ Երեք միլիոն բնակչություն ունեցող եւ ծովի ելք չունեցող երկրի համար ԱՄՆ-ի հետ ռազմավարական փոխգործակցության այլընտրանքը ոչ թե ինքնավարությունն է, այլ խոցելիությունը: 
Թեհրանը եւ Մոսկվան TRIPP նախագիծը դիտարկում են որպես Եվրասիայում ազդեցության հավասարակշռության տեղաշարժ: Միացյալ Նահանգները պետք է ընկալեն այս դիմադրությունը որպես միջանցքի կարեւորության հաստատում եւ ապահովեն դրա անվտանգությունը, ֆինանսավորումը եւ շահագործման պատրաստվածությունը մինչեւ պատերազմի ավարտը եւ ռազմավարական անհրաժեշտության պատուհանի փակվելը:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment