Դա կապված էր Արշակ Սրբազանի կալանքի հետ․ Հայր Իսահակը՝ «Կենտրոն» ՔԿՀ իր մուտքն արգելելու մասին

Հին պատմություն է, ավելի շատ՝ սխալ տեղեկություն, վաղուց տեղի ունեցած։ Տվյալ վայրի հոգևորականն այնտեղ չէր, երկրից բացակայում էր, ինձ չարտոնեցին այցելել «Կենտրոն» ՔԿՀ, ասաց Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ, Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Իսահակ Պողոսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե տևական ժամանակ արգելվել է իր մուտքը «Կենտրոն» ՔԿՀ և որ բանակում գնդերեցների ծառայությունը դադարեցնելուց հետո անցում է կատարվել բանտերի հոգևորականներին։

Հայր Իսահակի խոսքով, դա եղել է ամիսներ առաջ և կապված է եղել Արշակ սրբազանի կալանավորման հետ։

«Քանի որ, ըստ օրենքի, նրան տեսակցելու արգելք կար, իսկ նա նույն խցում էր, որտեղ նաև Բագրատ Սրբազանն էր, մեկին կարող էի այցելել, մյուսին՝ ոչ։ Նախընտրեցի լրացուցիչ դժվարություն չստեղծել և չհանդիպել: Օբյեկտիվորեն Բագրատ Սրբազանը կարող է և ինձնից նեղացած է, բայց նաև այլ ծանրաբեռնվածության պատճառով տևական ժամանակ է՝ չեմ այցելել նրան», – մանրամասնեց հոգևորականը:

Դիտարկմանը, թե իշխանությունները գնդերեցներից հետո այժմ էլ անցել են բանտերի հոգևորականներին, Հայր Իսահակը նշեց, որ անձամբ իր հետ խնդիր չի եղել, սակայն որոշակի ազդակներ կան։

«Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հոգևորական Տեր Գրիգորին ծառայությունից զրկելու մասին է։ Ղեկավարությունը պատճառաբանել է, թե նա զբաղվել է քաղաքականությամբ, սակայն որևէ ապացույց չկա։ Բացի Նուբարաշենից, Տեր Գրիգորը թույլտվություն ուներ այցելել նաև այլ հիմնարկներ, աշխատում էր ցմահ դատապարտյալների հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով, իրենց պարզապես իրազեկել են։ Փորձել է պարզել պատճառները, սակայն միայնակ չի կարողացել հանգել հստակ եզրակացության, քանի որ չկան ապացույցներ, թե որտեղ և ինչ կերպ է նա զբաղվել քաղաքականությամբ, արդյոք դա եղել է քրեակատարողական հիմնարկներում, թե այլ ձևով է մասնակցություն ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment