Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակում կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի ծնողներն ու ընկերները բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակում կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի ծնողներն ու ընկերները բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ։
Նրանք պահանջում են փոխել նրա խափանման միջոցը՝ առաջարկելով գրավ։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
«Դավիթին հենց նոր տեղափոխել էին կարանտինային բաժին, մենք ընդամենը հիվանդանոցում Դավիթին տեսանք, գիտակցության էր եկել արդեն Դավիթը», – ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա հայտնեց, որ Մինասյանին հիվանդանոցից նորից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։
Ավելի վաղ, փաստաբան Լուսինե Մարտիրոյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, իրեն տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագից հետո, երբ վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ քայլում էր դեպի ելքը, ներկաներից մեկը մոտեցել է նրան և ասելով՝ «Ըտենց չնայես ինձ», ձեռքի կտրուկ շարժում է արել վարչապետի ուղղությամբ։ Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ 3 անձ ձերբակալվել էր։ Այս գործով Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ ազատ է արձակվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: