Միքայել Մացակյան. Անկախ տնօրենների ներգրավումը գործնական եւ արժեք ստեղծող մեխանիզմ է

Banks.am-ի հարցազրույցը «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ

– «Ալֆա Ֆարմ» ընկերությունը հանդես է գալիս որպես Fast-Forward 2026 կոնֆերանսի գործընկեր: Ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը:

– «Ալֆա Ֆարմ»-ի համար նման հարթակներին մասնակցությունը պարզապես ներկայություն ապահովելու մասին չէ. սա հստակ արժեքային դիրքորոշում է։ Մենք հետեւողականորեն կարեւորել ենք բիզնեսի զարգացմանը միտված բաց, անկեղծ եւ բարձր պրոֆեսիոնալ քննարկումների մշակույթը։

Մեր զարգացման ամբողջ ընթացքում առաջնորդվել ենք ոչ միայն շուկայում հաջողություն ապահովելու ձգտումով, այլ նաեւ կառավարման մշակույթի կայացման, թափանցիկության ամրապնդման եւ պատասխանատու առաջնորդության սկզբունքներով։

Այդ տեսանկյունից նման կոնֆերանսները մեզ համար ավելին են, քան պարզապես մասնագիտական հանդիպումներ. դրանք հարթակ են՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձեւավորման եւ ոլորտի գործընկերների հետ համատեղ՝ Հայաստանում ավելի հասուն եւ կայուն բիզնես միջավայր կառուցելու համար։

– Կոնֆերանսի թեմաներից մեկը անկախ տնօրենների ինստիտուտն է: Ձեր կարծիքով, որքա՞ն կարեւոր է այն հայաստանյան բիզնեսի «հասունության» ապահովման տեսանկյունից:

– Անկախ տնօրենների ինստիտուտը ժամանակակից բիզնեսի հասունության առանցքային բաղադրիչներից է։ Այն ապահովում է արտաքին, անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ տեսանկյուն, ինչը հատկապես կարեւոր է ռազմավարական որոշումների կայացման գործընթացում։

Հայաստանում այս մշակույթը դեռեւս ձեւավորման փուլում է, սակայն դրա ներուժը  զգալի է. այն նպաստում է կառավարման որակի բարձրացմանը, ռիսկերի արդյունավետ կառավարմանը եւ բիզնեսի երկարաժամկետ կայունության ապահովմանը։

«Ալֆա Ֆարմ»-ում մենք արդեն ավելի քան տասը տարի համագործակցում ենք տնօրենների խորհրդի անկախ անդամի հետ, ում փորձառությունն ու հավասարակշռված մոտեցումները բազմիցս ապացուցել են այս ինստիտուտի իրական արժեքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ անկախ տնօրենների ներգրավումը ոչ թե ձեւական քայլ է, այլ գործնական եւ արժեք ստեղծող մեխանիզմ, որը նպաստում է ընկերության կայուն զարգացմանը։ 

– Կոնֆերանսի մյուս թեման հայկական բիզնեսի իրավահաջորդությունն է: Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ այս տարի իր 30-ամյակը «նշող» հայկական բիզնեսի համար սա եւս կարեւոր թեմա է՝ ապագա տասնամյակների կայուն ընթացքի ապահովման տեսակետից:

– Իրավահաջորդությունը հատկապես արդիական է այն հայկական բիզնեսների համար, որոնք ձեւավորվել են 90-ականներին եւ այսօր արդեն հասնում են իրենց 30-ամյա զարգացման փուլին։ Այս փուլում բիզնեսը կանգնած է ոչ միայն աճի, այլեւ շարունակականության եւ սերնդափոխության արդյունավետ կառավարման կարեւոր մարտահրավերի առաջ։

Ճիշտ կառուցված իրավահաջորդության մոդելը հնարավորություն է տալիս պահպանել ընկերության արժեքային հիմքերը, փոխանցել կուտակված փորձն ու գիտելիքը եւ միաժամանակ ապահովել նոր սերնդի սահուն եւ արդյունավետ ներգրավումը կառավարման գործընթացներում։

«Ալֆա Ֆարմ»-ում մենք եւս անցել ենք այս ճանապարհը՝ ավելի ընտանեկան եւ ոչ ֆորմալ կառավարման մոդելից դեպի կառուցակարգված կորպորատիվ կառավարում։ Այսօր արդեն ակտիվորեն համագործակցում ենք մասնագիտական գործընկերների հետ՝ իրավահաջորդության գործընթացը կազմակերպելու առավել համակարգված, կանխատեսելի եւ արդյունավետ ձեւաչափով։

Այս առումով իրավահաջորդությունը այլեւս ապագայի հարց չէ. այն արդեն ներկայի օրակարգ է հայկական բիզնեսի համար՝ որոշիչ նշանակություն ունենալով հաջորդ տասնամյակների կայուն զարգացման տեսանկյունից։

– Մոտ երկու ամիս առաջ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Կարո՞ղ ենք ասել, որ այպիսով ընկերության կյանքում նոր փուլ է բացվել:

– Անկասկած, պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարեւոր փուլ է «Ալֆա-Ֆարմ»-ի զարգացման պատմության մեջ։ Սա ոչ միայն բացում է ֆինանսավորման նոր հնարավորություններ, այլեւ բարձրացնում է թափանցիկության, հաշվետվողականության եւ կորպորատիվ կառավարման նկատմամբ պահանջների մակարդակը՝ որակապես նոր փուլ ձեւավորելով ընկերության զարգացման համար։

Միեւնույն ժամանակ, սա յուրահատուկ «վստահության թեստ» էր մեզ համար՝ հասկանալու շուկայի արձագանքը եւ ներդրողների վստահության մակարդակը։ 

Կարող ենք վստահորեն ասել, որ այդ «թեստը» հաղթահարեցինք հաջողությամբ.       1.5 միլիարդ դրամի պարտատոմսերի թողարկումը տեղաբաշխվեց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում՝ արձանագրելով ռեկորդային արդյունք հայաստանյան շուկայում։ 

Հատկանշական է նաեւ, որ տեղաբաշխված ծավալի շուրջ մեկ երրորդը ձեռք է բերվել անհատ ներդրողների կողմից։ Սա լավագույնս վկայում է ինչպես ընկերության նկատմամբ ձեւավորված վստահության, այնպես էլ «Ալֆա-Ֆարմ» բրենդի կայունության եւ հեղինակության մասին շուկայում։

– Որո՞նք են «Ալֆա-Ֆարմ»-ի գլխավոր նպատակները 2026 թվականի համար:

– 2026 թվականը «Ալֆա-Ֆարմ»-ի համար ռազմավարական կարեւորության տարի է, որի ընթացքում մեր առաջնահերթությունները կենտրոնացված են մի քանի հիմնական ուղղությունների շուրջ։

Առաջինը՝ շուկայում մեր դիրքերի հետագա ամրապնդումն է եւ մանրածախ ցանցի շարունակական ընդլայնումը՝ ապահովելով հասանելիության եւ սպասարկման որակի բարձր մակարդակ։

Երկրորդը՝ լոգիստիկ, արտադրական եւ տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն է, որը թույլ կտա բարձրացնել մեր գործառնական արդյունավետությունն ու արագ արձագանքել շուկայի փոփոխություններին։

Երրորդ կարեւոր ուղղությունը կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական կատարելագործումն է եւ թափանցիկության մշակույթի խորացումը՝ համահունչ  ժամանակակից բիզնեսի լավագույն չափանիշներին։

Ընդհանուր առմամբ, մեր նպատակը չի սահմանափակվում միայն աճ ապահովելով. մենք ձգտում ենք կառուցել ավելի կայուն, ճկուն եւ երկարաժամկետ արժեք ստեղծող ընկերություն, որը վստահելի գործընկեր է թե՛ հաճախորդների, թե՛ ներդրողների համար։

Leave a comment