Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որը նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր (տեսանյութ

Բոսնիա և Հերցեգովինայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է «Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ 41-րդ րոպեին իտալացիները 10 խաղացողով են մնացել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հեռացման պատճառով։

79-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հարիս Տաբակովիչը։ Հետխաղային 11-մետրանոցներով բոսնիացիները հաղթել են 4։1 հաշվով։

Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել նաև Շվեդիայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականները։

Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան նախորդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին՝ խմբային փուլում գրավելով երրորդ տեղը։ ԱԱ-2018-ու ու ԱԱ-2022-ում իտալացիներին չէր հաջողվել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։

Leave a comment