Իսկ մարդ կա՞, որ կադրերը նայել է ու չի տեսել, թե ինչի համար են ձերբակալել. Ես տեսել եմ հարվածը։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։
«Ես այդ միջադեպի ժամանակ չեմ եղել եկեղեցում, բայց համացանցում տարածված կադրերից հարվածի մասն ակնհայտ էր, և կարծես այդ մարդիկ էլ չեն հերքել, որ հարվածել են»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր մարդկանց ճեղքելով անցնել, ինչը դժգոհություն կարող էր առաջացնել, Խուդաթյանն ասաց. «Վարչապետը չէր փորձում ճեղքելով մարդկանց միջով անցնել, պետական պահպանության ծառայությունը փորձում է վարչապետի անվտանգությունն ապահովել։ Դժգոհություն արտահայտելու տարբեր ձևեր կան, մենք էլ որպես պետական պաշտոնյաներ, առաջին հերթին վարչապետը շատ հասանելի է քաղաքացիների համար և չի նեղվում, երբ քաղաքացիները երբեմն դժգոհություն արտահայտում են։ Հարվածելը և լկտիությունը դժգոհության արտահայտման ոչ մի քաղաքակիրթ մեթոդի մեջ չի մտնում, և այո, պետք է պատժվեն»։
Ավելի վաղ Meganews.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։