Թուրք-ադրբեջանական թեզեր տարածող էջեր Բանգլադեշից, Հնդկաստանից ու Մադագասկարից՝ հայալեզու լսարանի համար

Facebook սոցիալական ցանցում աճում է հայալեզու լսարանը թիրախավորող նորաբաց էջերի թիվը, որոնք տարածում են հանրային բևեռացմանը նպաստող, ատելության խոսքի վրա հիմնված թուրք-ադրբեջանական թեզեր սպասարկող վճարովի բովանդակություն։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում է հայտնվել այդպիսի երկու նոր էջ, որոնք արհեստական բանականության (AI) միջոցով գեներացրած բովանդակությունը ակտիվորեն գովազդում են հայալեզու լսարանի շրջանում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս FIP.am-ը գրել էր Հնդկաստանից ու Մադագասկարից հայալեզու լսարանը թիրախավորող էջերի մասին, որոնք թուրքամետ ու ադրբեջանամետ թեզերի վրա հիմնված գրառումներ էին գովազդում (1, 2): 

Հատկանշական է, որ FIP.am-ի հրապարակումներից հետո էջերն ապաակտիվացել են։ 

Որտեղի՞ց են կառավարվում ֆեյսբուքյան այս էջերը

FIP.am-ն ուսումնասիրել է «Ժամանակակից երկիր» և «Երևանի արձագանքը» կոչվող նորաբաց էջերը, դրանց ստեղծած բովանադակությունն ու տարածվող քարոզչական թեզերը։ 

Երկու էջերի ստեղծման ամսաթիվը նույնն է՝ 2026 թվականի հունվարի 28-ը․ էջերից մեկի կառավարումը, ըստ Meta-ի տվյալների, իրականացվում է Բանգլադեշից, այն ունի մեկ վարող (admin)։ Մյուս էջի վարողների թվի կամ աշխարհագրության մասին տեղեկատվությունը հասանելի չէ։ 


Արտապատկերումը՝ Meta-ից

Չնայած երկուսն էլ ունեն փոքրաթիվ՝ տասը չգերազանցող հետևորդներ, գովազդվող բովանդակության շնորհիվ գրառումները կարողացել են հարյուր հազարավոր դիտումներ ու հարյուրավոր ռեակցիաներ ու մեկնաբանություններ հավաքել։ 

Սուր թեմաներ, քարոզչական նարատիվներ, անհարթ լեզու․ ի՞նչ ու ինչպե՞ս են գրում այդ էջերը 

«Ժամանակակից երկիր» կոչվող էջը մեկ գրառում է հրապարակել մարտի 24-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արցախցի մի կնոջ մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, որը հրապարակման պահից առ այս պահը ակտիվորեն գովազդվում է։  

«Երևանի արձագանքը» կոչվող էջն այս տարվա մարտին 2 գրառում է հրապարակել, որոնցից առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրա վերաբերյալ ՀՀ-ում կառավարող ուժի դիրքորոշմանը, իսկ երկրորդը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանի արդեն նախկին տնօրենի կողմից՝ Արցախում թաթարական ջարդերի մասին գիրք նվիրելուն և դրան հաջորդած զարգացումներին։ 

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենի նվիրած գրքի վերաբերյալ գրառումը գովազդելու համար ծախսվել է մոտ 100 դոլար, այն հասել է մոտավորապես մեկ միլիոն մարդու։ 

Հատկանշական է, որ երկու էջն էլ գրառումներում Փաշինյանին կոչում են «առաջնորդ»՝ աջակցություն հայտնելով նրա գործողություններին։ Միաժամանակ, գրառումներն ունեն սուր, բաժանարար ձևակերպումներ և հուզական գնահատականներ՝ հանրային բևեռացմանը նպաստող։

Էջերում տարածվող բովանդակությունը ներառում է մի շարք կրկնվող թեզեր, որոնք համընկնում են թուրք-ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվող նարատիվների հետ։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պնդումներում նշվում է, թե երկրամասը «դարավոր պատմական ադրբեջանական» տարածք է, և որ «պատմականորեն երբեք չի պատկանել» հայերին։

Փաստացի, գրառումներում խեղաթյուրվում է թեմայի պատմական և իրավական բազմաշերտությունը՝ ներկայացնելով այն բացառապես ադրբեջանական քարոզչական թեզերի տեսակետից։

Չնայած արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն հայտնաբերող հարթակները չեն արձանագրել ԱԲ-ի միջամտության հստակ հետքեր, սակայն գրառումներում ակնհայտորեն կան լեզվական անհարթություններ, հայերենին ոչ այնքան բնորոշ արտահայտչաձևեր, օրինակ՝ «Մեր առաջնորդը այն մարդկանցից չէ, ովքեր քաղաքավարության ցուցադրություն են ցուցադրում, երբ երկրի ապագան վտանգված է», կամ «Մետրոյում տեղի ունեցած միջադեպը, որտեղ պետության ղեկավարը կտրուկ պատասխանեց Ղարաբաղ վերադառնալու մասին տնքացող կնոջը, անկեղծ անկեղծության և անվերջանալի պատրանքներից հոգնածության դրսևորում է»։ 

Այսպիսով, սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում պարբերաբար հայտնվում են արտերկրից կառավարվող էջեր, որոնք տարածում են հայալեզու և ակտիվորեն գովազդվող բովանդակություն ներհայաստանյան կյանքի կարևոր ու զգայուն թեմաների վերաբերյալ։ Այդ էջերը տարածում են պառակտող, իրադարձությունների պատկերը խեղաթյուրող և այլ երկրների քարոզչական թեզերին համահունչ պնդումներ։ 

Նանե Մանասյան 

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:

The post Թուրք-ադրբեջանական թեզեր տարածող էջեր Բանգլադեշից, Հնդկաստանից ու Մադագասկարից՝ հայալեզու լսարանի համար appeared first on FIP.AM.

Leave a comment