Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար

Քաղաքականություն

30.03.2026 | 22:48

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Ուկրաինան կապի մեջ է Ֆինլանդիայի հետ անօդաչու թռչող սարքերի միջադեպերի վերաբերյալ։

Տիխին նշել է, որ Ուկրաինան կիսվում է բոլոր անհրաժեշտ տեղեկություններով՝ պարզաբանելու համար մի քանի անօդաչու թռչող սարքերի հետ կապված հանգամանքները, որոնք կիրակի՝ մարտի 29-ին, խախտել են Ֆինլանդիայի օդային տարածքը։

«Մենք կարող ենք վստահորեն ասել, որ ուկրաինական անօդաչու սարքեր երբեք չեն ուղղվել դեպի Ֆինլանդիա: Ամենահավանական պատճառը ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի կողմից շեղումն է: Մենք արդեն ներողություն ենք խնդրել ֆիննական կողմից այս միջադեպի համար»,- նշել է նա։

Տիխին նաև հավելել է, որ ԱԳՆ-ն կիսում է Ֆինլանդիայի համոզմունքը, որ «ինչպես այս միջադեպի, այնպես էլ մեր տարածաշրջանում անվտանգության ընդհանուր մարտահրավերների պատճառը հենց Ռուսաստանի ագրեսիան է Ուկրաինայի դեմ»։

Նշենք, որ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը կիրակի կեսօրին հայտնաբերել էին  Ֆինլանդիայի օդային տարածքը խախտած օբյեկտներից մեկը։ Պարզվել է, որ դա ուկրաինական Ան-196 «Լյուտի» անօդաչու թռչող սարք է։

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ կիրակի կեսօրին երկրի տարածքում կործանված անօդաչու թռչող սարքերը, հավանաբար, ուկրաինական են եղել, քանի որ Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Լենինգրադի մարզի թիրախների վրա, որը սահմանակից է Ֆինլանդիային։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը մարտի 31-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու պաշտպանության ոլորտի արդիական հարցերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment