Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում, Հայաստանի Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի հետ համագործակցությամբ, 2026 թվականի մարտի 27-ին կազմակերպվել էր «Հայաստանի զբոսաշրջությունը․որտեղ ենք եւ ինչ դեռ պետք է անել» խորագրով պանելային քննարկում։ Քննարկումը վարում էր Համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնես դպրոց-ի դեկան, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։
Զբոսաշրջությունը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է
Լիլիթ Շահզադեյան, Համաեվրոպական Executive MBA ծրագրի հայաստանյան եւ վրաստանյան տնօրեն
Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում իրականացնում է Համաեվրոպական Executive MBA ծրագիրը, որը դարձել է երկրի առաջատար բիզնես կրթական նախաձեռնություններից մեկը: Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին՝ որպես Շեֆիլդի համալսարանի Executive MBA, եւ 2021 թվականին վերափոխվել է Համաեվրոպական Executive MBA ծրագրի, որը հայ գործարարներին եւ ղեկավարներին հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով եւ սովորելով Երեւանում ստանալ միջազգային մակարդակի բիզնես կրթություն եւ MBA դիպլոմներ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարաններից ։ Համաեվրոպական Executive MBA ծրագիրը առանձնանում է ոչ միայն ակադեմիական դասընթացներով, այլեւ գիտելիքային երկխոսության խթանման նպատակով կազմակերպելով պանելային քննարկումներ այնպիսի թեմաներով, որոնք ռազմավարական կարեւորություն ունեն մեր երկրի համար։
Լիլիթ Շահզադեյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսպիսի պանելային քննարկումներով երկխոսության հարթակ է ձեւավորվում տարբեր բնագավառների ներկայացուցիչների, գիտնականների, բիզնեսի ղեկավարների համար։ Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում ռազմավարական առաջնորդությանը, միջազգային բիզնեսի մրցունակությանը, կայուն տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտների համագործակցությանը եւ տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս անգամ քննարկման թեման նվիրված է զբոսաշրջությանը, քանի որ այն Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է՝ տնտեսությունը բազմակողմանի դարձնելու եւ միջազգային ճանաչում ապահովելու համար։
Վերջին տարիներին Հայաստանում այն վերելք է ապրում, միջազգային նոր ավիաընկերություններ են մտել շուկա, ընդլայնվել է հյուրանոցային կարողությունը, իրականացվել են ենթակառուցվածքային բարելավումներ, իսկ միջազգային ճանաչումը մեծացել է։ 2025 թվականին Հայաստանը ճանաչվել է «Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն» Համաշխարհային ճանապարհորդական մրցանակաբաշխությունում, ինչը վկայում է երկրի հարուստ մշակութային եւ պատմական արժեքների մասին։
Լիլիթ Շահզադեյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ծրագիրը սկսելուց ի վեր մոտ 450 հայ գործարարներ, մասնագետներ եւ ղեկավարներ ավարտել են այն եւ ստացել միջազգային ճանաչում ունեցող MBA գիտական աստիճաններ:
Զարգացնել արկածային զբոսաշրջության ուղղությունը
Լեսլի Սզամոզի, Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն
Համաեվրոպական Executive MBA ծրագրով արդեն 10 տարի է Հայաստանում ենք եւ մեր գործունեության շրջանակում իրականացնում ենք բազմաթիվ հետազոտություններ զբոսաշրջության ոլորտում եւ զբոսաշրջային ուղղությունների վարկանիշի վերաբերյալ։ Համագործակցում ենք ընկերությունների եւ ղեկավարների հետ՝ զարգացնելու զբոսաշրջությունը եւ բացահայտելու բիզնեսի հնարավորությունները այս ոլորտում։
Լեսլի Սզամոզին
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծում եմ, ընդհանուր առմամբ, Հայաստանում այս ուղղությամբ բավականին զարգացում է եղել: Անցած տարի, մեր ունեցած, տվյալների համաձայն, երկրի համար զբոսաշրջության առումով լավագույն տարի էր, սակայն դեռեւս չօգտագործված մեծ ներուժ կա ամբողջ երկրում։ Անհրաժեշտ է նաեւ զբոսաշրջության մի մասը հիմնական քաղաքներից տեղափոխել դեպի գյուղական տարածքներ։ Երկիրն ունի յուրահատուկ զբոսաշրջային հավասարակշռություն՝ մշակութային, գաստրոնոմիկ, թանգարանային եւ այլն, բայց արկածային զբոսաշրջության ուղղությունը եւս արժե զարգացնել։
Լեսլի Սզամոզին
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երիտասարդ սերունդը Հայաստանը դիտարկում է որպես արկած, նորություն՝ համեմատած զբոսաշրջային ավանդական ուղղությունների հետ, եւ մեծ հնարավորություն կա այն արդյունավետ օգտագործելու համար։ Հայաստանը շարունակում է զարգանալ եւ առաջընթաց ապրել զբոսաշրջության ոլորտում, սա հնարավորություն է տալիս ստեղծելու նոր հնարավորություններ երկրի ներսում։
Միջոցառումները՝ ճամփորդելու գրավիչ առիթ
Ալֆրեդ Քոչարյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ
Վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերի կայուն աճ ենք տեսնում։ Սա պայմանավորված է մի քանի կարեւոր գործոնով՝ ավելի որակյալ զբոսաշրջային առաջարկներ, առավել արդյունավետ մարքեթինգ, ինչպես նաեւ Զբոսաշրջության կոմիտեի հետեւողական աշխատանք։ Զգալի ազդեցություն ունեն նաեւ երկրում կազմակերպվող տարբեր միջոցառումները։ Օրինակ՝ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալվեց երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Նման իրադարձությունները, իհարկե, նպաստում են զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։
Ալֆրեդ Քոչարյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծում եմ՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում ունի խոստումնալից եւ լուսավոր ապագա։ Նշեմ, որ այս տարի եւս նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ։ Միեւնույն ժամանակ, փորձում ենք նաեւ հավասարակշռություն ապահովել Երեւանի եւ մարզերի միջեւ, ինչը կարեւոր է ոչ միայն ներգնա զբոսաշրջության, այլեւ ներքին զբոսաշրջության զարգացման համար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
2023 թվականին մեկնարկեց մարզերում անցկացվող փառատոնների նախաձեռնությունը, որն արդեն զգալի արդյունքներ է տալիս։ Բացի այդ, ներդրվել է նաեւ ժողովրդական արվեստի փառատոնը, որը եւս վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նման միջոցառումները շատերի համար դառնում են ճամփորդելու գրավիչ առիթ։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ զբոսաշրջության բնույթը փոխվում է։ Եթե նախկինում Հայաստանում ավելի տարածված էր կազմակերպված զբոսաշրջությունը, ապա այժմ նկատվում է ուսապարկով ճանապարհորդողների աճ։ ։
Քրիստինե Ղալեչյան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Զբոսաշրջիկները նախընտրում են ճանապարհորդել անվտանգ ճանապարհներով, ինչն իսկապես վճռական նշանակություն ունի։ Այս պահին ինտեգրում ենք Եվրամիության ճանապարհային անվտանգության ստանդարտները մեր ճանապարհներին։ Մոտ ապագայում մեր գործիքները հնարավորություն կտան ապահովել ավելի անվտանգ ճանապարհորդություն։
Քրիստինե Ղալեչյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անհրաժեշտ է նշել, որ զբոսաշրջային տեսանկյունից նույնպես նախատեսվում է գնահատման համակարգ ներդնել ճանապարհների եւ ուղղությունների համար։ Այս համակարգը թույլ կտա հեշտությամբ առանձնացնել առավել նախընտրելի երթուղիները եւ վստահ լինել, որ դրանք ապահով եւ անվտանգ են ճանապարհորդների համար։
Զբոսաշրջության ոլորտի ռազմավարությունը
Լուսինե Գեւորգյան՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է ոլորտի հնգամյա ռազմավարությունը՝ 2026-ից մինչեւ 2030 թվականների համար։ Այդ փաստաթղթի ընդունման համար իրականացվել է շուրջ երկու տարվա ինտենսիվ աշխատանք՝ ելնելով այն գիտակցումից, որ կախված չլինենք մեկ կամ երկու շուկայից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կցանկանայի նաեւ նշել, որ Զբոսաշրջության կոմիտեն դարձել է առաջին պետական կառույցը, որն արհեստական բանականություն է ներդրել զբոսաշրջային հարթակում։ Armenia.travel կայքն այժմ գործում է արհեստական բանականությամբ, եւ միջազգային զբոսաշրջիկները կարող են հաղորդակցվել մեր AI չաթբոտի՝ «Mobi»-ի հետ, որը խոսում է բոլոր լեզուներով:
Լուսինե Գեւորգյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կա նաեւ այն խնդիրը, որ Հայաստանը հարմարեցված չէ զանգվածային զբոսաշրջության համար։ Ներկայում չենք կարող ընդունել սեզոնային զբոսաշրջիկների՝ քանի որ բացակայում են բավարար ենթակառուցվածքներ: Մենք ձգտում ենք կայուն զբոսաշրջության: Այս պահին մեր հիմնական նպատակն է հաջորդ 4 տարվա համար հասնել 3 միլիոն այցելուի։
Կատերինա Դանեկինա՝ Green Rock Foundation-ի գործադիր տնօրեն
Ես արդեն 10 տարի ապրում եմ Հայաստանում եւ այս ընթացքում նկատում եմ զբոսաշրջության ոլորտի զգալի առաջընթացը։ Սակայն, իհարկե, միշտ կան զարգացման նոր հնարավորություններ։
Մենք՝ որպես մասնավոր հատված, առանձնացրել ենք մի շարք ուղղություններ, որոնց մասին կցանկանայի խոսել։ Առաջինը, բնականաբար, կրթությունն է։ Ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական հմտություններ։ Հաշվի առնելով այս պահանջները՝ եւ այն, որ մենք իրականացնում ենք տարբեր զբոսաշրջային ծրագրեր Տավուշում եւ Դիլիջանում, հիմնադրել ենք նաեւ հյուրընկալության դպրոց, որը Իտալիայի «Apicius Florence»-ի միջազգային պաշտոնական մասնաճյուղն է։ Մենք նախատեսում ենք կրթել հարյուրավոր ուսանողներ, եւ մի քանի տարվա ընթացքում ունենալ բարձրակարգ, պատրաստված մասնագետներ, որոնք պահանջված կլինեն ոչ միայն մասնավոր հատվածում, այլեւ այլ ոլորտներում։
Կատերինա Դանեկինան
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երկրորդ կարեւոր ուղղությունը ենթակառուցվածքներն են՝ սակայն ոչ միայն ճանապարհները, որքան էլ դրանք կարեւոր լինեն։ Երբ զբոսաշրջիկները այցելում են, օրինակ, Դիլիջան, նրանք ցանկանում են բացահայտել գրավիչ վայրեր, զգալ ջերմ ու հարմարավետ միջավայր, տեսնել գեղեցիկ ու հիշարժան դրվագներ, որոնք երկար կմնան նրանց հիշողության մեջ։ Այո, Հայաստանը չափազանց հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, սակայն, միեւնույն ժամանակ, մենք կարող ենք առաջարկել նաեւ ավելի լայն զգացմունքային փորձառություն՝ ձեւավորելով ամբողջական «հաճախորդի ճանապարհորդություն» (customer journey)։
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի