Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը խոշոր  գործարարների հետ փակ հանդիպման ժամանակ չի առաջարկել բյուջե կամավոր ներդրումներ կատարել պատերազմը ֆինանսավորելու համար, գրում է Meduza-ն։ The Bell-ը այս առաջարկի մասին հաղորդել է մարտի 26-ին:

«Ճիշտ չէ, որ այն Իգոր Սեչինից է եկել: Ճիշտ չէ, որ ասվել է, որ գումարը «հատուկ ռազմական գործողության» (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայում պատերազմը) համար է: Ճիշտ չէ, որ Պուտինը նման խնդրանքով դիմել է»,- տեղեկությունն այսպես է մեկնաբանել Պեսկովը։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում պետությանը «որոշակի մեծ, շատ մեծ գումար» նվիրաբերել, և որ դա իր ընտանիքի որոշումն է։ Պեսկովի խոսքով՝ այդ գործարարը նշել է, որ «հանդիպման մասնակիցների ճնշող մեծամասնությունն իր բիզնեսը սկսել է 1990-ականներին և, իհարկե, այն սկսելու մեծ մասը ինչ-որ կերպ կապված է եղել պետության հետ»։

«Շատերն իրենց պարտականությունն են համարում նման նվիրատվություններ կատարելը։ Սա նախագահ Պուտինի նախաձեռնությունը չէր, չնայած պետության ղեկավարը, անկասկած, ողջունել է այն»,- հայտարարել է նա։

Կրեմլի խոսնակը հրաժարվել է  անվանել այն գործարարին, որն անհրաժեշտ է համարել բյուջեին «շատ մեծ գումար» տալ։

«Ահա թե ինչու էր հանդիպումը փակ, որպեսզի որևէ մանրամասնություն չտրվի»,- ասել է նա։

The Bell-ը հաղորդել էր, որ Սուլեյման Քերիմովը խոստացել է բյուջեին նվիրաբերել 100 միլիարդ ռուբլի: Աղբյուրների տվյալներով՝ մի քանի այլ գործարարներ նույնպես պատրաստակամություն են հայտնել խոշոր գումարներ նվիրաբերել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment