Աշխարհի ամենահարուստ վրացին Միխայիլ Լոմտաձեն է

Forbes Georgia-ն ներկայացրել է աշխարհի ամենահարուստ վրացիների տասնյակը: Այն ներառում է ինչպես հանրությանը հայտնի դեմքեր, այնպես էլ մարդկանց, որոնք հազվադեպ են հայտնվում լրահոսում։ Հաշվարկման մեթոդը պարզ է եղել՝ ակտիվների արժեքը (նրանց պատկանող ընկերություններ, անշարժ գույք և այլն)։

Եվ այսպես, աշխարհի ամենահարուստ վրացին Միխայիլ Լոմտաձեն է: Նա աշխատում է Ղազախստանում, Kaspi տեղական բանկի համահիմնադիրն ու ղեկավարն է։ Կարողությունը գնահատվում է 15.8 միլիարդ լարի։

Երկրորդը Իվանիշվիլի ընտանիքն է: իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, բարերար, գործարար Բիձինա Իվանիշվիլիի կարողություն 7.8 միլիարդ լարի է։

Եռյակը եզրափակում է Գեորգի Ջոխտաբերիձեն՝ Վրաստանի ամենախոշոր հեռահաղորդակցական ընկերության՝ Magticom-ի հիմնադիրը՝ 2.8 միլիարդ լարի ունեցվածքով։

4-րդը Իրակլի Ռուխաձեն է՝ Liberty Bank-ի սեփականատերերից մեկը, ԻՄԵԴԻ հեռուստաալիքի նախկին սեփականատերը։ Ունի բաժնեմասեր Georgian Cement և Magticom ընկերություններում։ Նրա կարողությունը գնահատվում է 2.2 միլիարդ լարի։

Թեմուր Չկոնիան Վրաստանում McDonald’s ռեստորանների ցանցի, ինչպես նաև Coca-Cola Bottlers Georgia-ի սեփականատերն է։ 1.7 միլիարդ լարի ունեցվածքով նա 5-րդն է աշխարհի ամենահարուստ վրացիների ցանկում։

Aversi դեղատների ցանցի հիմնադիր և սեփականատեր Պաատա Կուրտանիձեի կարողությունը գնահատվում է 1.6 միլիարդ լարի։ Այս ցուցանիշով նա 6-րդն է այս ցանկում:

Տասնյակի 7-րդ տեղում Գեորգի Ռամիշվիլին է՝ Silk հոլդինգի խոշոր բաժնետեր, որը գործունեություն է ծավալում հյուրանոցային բիզնեսի, բանկային և հեռահաղորդակցության (Silknet) ոլորտներում։ Նրա կարողությունը գնահատվում է 1.5 միլիարդ լարի։

PSP դեղատների ցանցի հիմնադիր, նախկին պատգամավոր Կախաբեր Օկրիաշվիլին ունի 1.14 միլիարդ լարի։ Այս ցուցանիշով նա ցանկի 8-րդ հորիզոնականում է:

Խվիչա Մակացարիան 9-րդ ամենահարուստ վրացին է: Նա ունի բաժնեմասեր Telasi և Cellfie ընկերություններում։ Նրա ունեցվածքը 1.13 միլիարդ լարի։

Տասնյակը եզրափակում է Գիա Գորգոշաձեն: Նա Gorgia խանութների ցանցի հիմնադիրն է: Նրա ունեցվածքը կազմում է 1.04 միլիարդ լարի։

Leave a comment