Թուրքիան և Բրիտանիան Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման համաձայնագիր են ստորագրել

Քաղաքականություն

25.03.2026 | 21:45

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի  հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող նախարար Յաշար Գյուլերը ստորագրել է Eurofighter Typhoon կործանիչների սպասարկման և շահագործման տեխնիկական և լոգիստիկ համաձայնագիր։ Գործարքը վերջնականապես կնքվել է Լոնդոնում՝ թուրք նախարարի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ հանդիպմանը։

Համաձայնագիրը կենտրոնանում է Eurofighter Typhoon նախագծի շրջանակում ինքնաթիռների տեխնիկական և լոգիստիկ աջակցության վրա, ասվում է թուրքական նախարարության հայտարարության մեջ: Բանակցությունների ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ավելի լայն համագործակցության հարցեր։ Պաշտոնյաները հաստատել են, որ անցյալ տարվա հոկտեմբերին արդեն ստորագրվել է առանձին պայմանագիր, որը վերաբերում է ծրագրին կապված ինքնաթիռների, սարքավորումների և զինամթերքի ձեռքբերմանը։

Վերջին համաձայնագիրը նախատեսված է ինքնաթիռների երկարաժամկետ սպասարկումն ու շահագործման պատրաստվածությունն ապահովելու համար։ Երկու կողմերն էլ հայտարարել են, որ հանձնառու են առաջիկա տարիներին պաշտպանական համագործակցությունն ավելի ամրապնդելուն։ Անցյալ տարի Թուրքիան պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի հետ՝ 20 Eurofighter Typhoon ինքնաթիռ գնելու համար։

Մեծ Բրիտանիան, որը Eurofighter ծրագրի առաջատար գործընկերն է, եղել է Թուրքիայի ամենաակտիվ կողմնակիցը, և համաձայնագիրը կնքվել է երկու մայրաքաղաքների միջև ամիսներ տևած բանակցություններից հետո, այն բանից հետո, երբ Թուրքիան հաղթահարեց Գերմանիայի վետոն վաճառքի վերաբերյալ 2024 թվականին։

Թուրքիայի հետաքրքրությունը Typhoon կործանիչների նկատմամբ առաջին անգամ ի հայտ եկավ 2022 թվականին, երբ Անկարան հիասթափվեց Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ ձեռք բերելու երկարատև բանակցություններից։

2024 թվականի վերջին Թուրքիան Վաշինգտոնի հետ կնքեց 7 միլիարդ դոլարի պայմանագիր՝ 40 F-16 կործանիչ գնելու համար։ Սակայն, ըստ տեղեկությունների, բանակցությունները բարդանում են Թուրքիայի գնագոյացման մտահոգությունների և F-35 ծրագրին վերադառնալու նոր հետաքրքրության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment