Իրանը նախապայման է սահմանել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը դիտարկել միայն այն պայմանով, եթե Վաշինգտոնը հրաժարվի «Իրանի ժողովրդի դեմ ուղղված գործողություններից»


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը դիտարկել միայն այն պայմանով, եթե Վաշինգտոնը հրաժարվի «Իրանի ժողովրդի դեմ ուղղված գործողություններից»։


Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին, փոխանցում է aif-ը։


Նա ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի մոտեցումներից ամբողջությամբ բացառվի Իրանի դեմ գործողությունների գաղափարը։ Միևնույն ժամանակ Զոլֆաղարին նշել է, որ ներկա պայմաններում Թեհրանը մտադիր չէ երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։


«Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականոն հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ օրվանից մեր առաջին և վերջին խոսքը եղել է և կլինի հետևյալը՝ մեզ նման մարդիկ երբեք չեն պայմանավորվի ձեզ նմանների հետ։ Ո՛չ հիմա, ո՛չ երբեք», – Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։


Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման 15 կետից բաղկացած ծրագիր՝ ամերիկյան տնտեսության վրա դրա ունեցած ազդեցության ֆոնին։


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։


Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։

Leave a comment