Իրանը հայտնել է Բուշերի ատոմակայանին նոր հարվածի մասին

Քաղաքականություն

25.03.2026 | 13:13

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ժամանակ արձակված արկը հարվածել է Իրանի Բուշերի ատոմակայանի տարածքին, հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, կայանի կառույցները չեն վնասվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»՝ միջուկային վթարը կանխելու համար, ասվում է X-ում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Բուշերի ատոմակայանը, որը գտնվում է Իրանի հարավարևմյան համանուն քաղաքի մոտ, ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանն էր ենթարկվել նաև մարտի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ ևս արկ էր ընկել ատոմակայանի տարածքում, ինչը չէր հանգեցրել ճառագայթման արտահոսքի կամ ատոմակայանի այլ վնասի։

Մարտի 18-ին Ռուսաստանի պետական ​​«Ռոսատոմ» կորպորացիան արձագանքեց միջադեպին՝ այն անվանելով «միջազգային անվտանգության հիմնական կանոնների և սկզբունքների կոպիտ անտեսում»։ Ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ Բուշերի ատոմակայանում մնում է շուրջ 480 ռուսաստանցի աշխատակից։ Նա հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր պետական ​​կորպորացիան արդեն իրականացրել է անձնակազմի երկու տարհանում և ներկայումս պատրաստվում է երրորդին։

Բուշերի ատոմակայանն Իրանում կառուցված առաջին նման կայանն է: Իրանի իշխանությունները շինարարությունը սկսել են գերմանական Siemens ընկերության աջակցությամբ 1975 թվականին։ Իսլամական հեղափոխությունից հետո աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել միայն 1995 թվականին՝ «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 2013 թվականին, իսկ երկրորդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է մի քանի տարի անց։

Վերջին տարիներին կայանը պարբերաբար տեխնիկական խնդիրներ է ունեցել, որոնք հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների Իրանի մի շարք շրջաններում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment