«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայփոստ-ը պարզաբանել է, որ Temu-ից կատարված գնումների առաքումն իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» և փոստային բաժանմունքից ստացում (pick-up)։
«Temu հարթակից կատարված գնումների առաքումը, որի իրականացումը վերապահված է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին, իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» ծառայության և ստացման կետից վերցնելու միջոցով։ Հաճախորդը առաքման եղանակը ընտրում է պատվերի գրանցման ժամանակ»։
Միաժամանակ պարզաբանվել է, որ նույնիսկ «տուն առաքում» ընտրելու դեպքում առաքանին կարող է հայտնվել փոստային բաժանմունքում, եթե այն չի հաջողվել հանձնել հասցեատիրոջը․
«Հանձնման անհնարինության դեպքում (հաճախորդի բացակայություն, հեռախոսազանգերին չպատասխանել և այլն) առաքանին ուղարկվում է տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունք, որտեղ այն պահվում է 14 օրացուցային օր»։Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև առաքման շուկայում գործող Onex ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյան-ի հետ՝ հասկանալու առաջացած դժգոհությունների պատճառները։
Նրա խոսքով՝
«Օնեքսը շարունակում է աշխատել Temu-ի հետ․ ծավալները կարող են փոփոխվել, սակայն այն առաքումները, որոնք փոխանցվում են մեզ և պետք է հասցվեն տուն, իրականացվում են պատշաճ կերպով։ Temu-ն ինքն է որոշում՝ իր պատվերը որ գործընկերոջ միջոցով ուղարկի՝ Օնեքս, Հայփոստ կամ այլ ընկերություն»։
Այսպիսով, չնայած պաշտոնական պարզաբանումներին, քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ պատվերի պահին միշտ չէ, որ հստակ է՝ որ ընկերությունն է իրականացնելու առաքումը և արդյոք այն կհասնի հասցեով։ Արդյունքում հաճախորդները կանգնում են փաստի առաջ՝ ստիպված լինելով այցելել փոստային բաժանմունքներ և լրացուցիչ ժամանակ ծախսել։
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առաքման պայմանների վերաբերյալ առավել թափանցիկ և հստակ հաղորդակցությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր՝ հատկապես այն պայմաններում, երբ միջազգային առցանց հարթակներից գնումները Հայաստանում աճում են։
Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է նաև Շուշան Ալեքսանյան-ի ղեկավարած կառույցի աշխատանքը․ հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավոր է ապահովել կանխատեսելի և որակյալ սպասարկում՝ անկախ առաքման ծավալների աճից»։