Կիրակի օրը՝ մարտի 22-ին, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավ է իրականացրել Երևանում, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջով։
Այդ ընթացքում Երևանի մետրոյում վարչապետի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ մասնակցությամբ միջադեպ է գրանցվել․ Փաշինյանն իր գաղափարներին անհամաձայնություն հայտնած կնոջ հետ վեճի ընթացքում վերջինիս երեխայի ներկայությամբ բղավելով ասել է․ «Մյուս անգամ փախածներով (նկատի ունի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին,-խմբ․ ) չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
Հանրային հեռուտաընկերությունը «Լուրերի» մարտի 22-ի գլխավոր թողարկման ընթացքում մոտ 18 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել Երևանում ՔՊ-ի ու վարչապետի շրջայցի վերաբերյալ․ դրանում նշվում է, որ եղել է միջադեպ, և նույնիսկ ներկայացվում է վարչապետի ներողությունը, սակայն բացակայում է ամենակարևոր հատվածը՝ բուն վիճաբանության սուր դրվագը, մասնավորապես` Փաշինյանի վիրավորանքը կնոջը։
Փաստացի, «Լուրերը» իր լսարանին տեղեկացնում է միայն վարչապետի ներողության մասին, սական չի տեղեկացնում, թե ինչ արարքի համար է այն՝ դեպքերի ոչ ամբողջական, կիսատ պատկեր մատուցելով հեռուստադիտողին։
Սրան զուգահեռ, չկա անդրադարձ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես պետական ինստիտուտի արված հայտարարությանը, որում նա կոչ էր արել «պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ»։
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հօգուտ վարչապետի՝ միջադեպի կիսատ ու ոչ ամբողջական լուսաբանում է իրականացրել՝ ներկայացնելով միայն ներողությունը և շրջանցելով բուն արարքը, ինչի համար ներողությունը հնչել է։
Նանե Մանասյան
The post Ներողությունը կա, վիրավորանքը՝ ոչ․ ինչպես է Հանրայինը խմբագրել Փաշինյանի և բռնի տեղահանված կնոջ միջադեպը appeared first on FIP.AM.