«Մենք ուրիշ քարտեզ ունենք. բարձր ձայնով մի՛ խոսեք», «չփորձեք փախածներով ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վեճ՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»,- մետրոյում, ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»:

«Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:

Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց բարձր ձայնով խոսել. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը պակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք… Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»:

Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի:

«Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել…»,- շարունակեց Փաշինյանը:

Leave a comment