Մարդ էլ այդքա՜ն սիրի աթոռը, որ պատրաստ լինի ամեն հնարքի, ամեն խորամանկության, ամեն չարչարանքի ու նվաստացման, միայն թե պահպանի այն: Եվ դա միայն այն չէ, որ գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի մոռացած` ընկնում են մարզերով, գյուղ առ գյուղ գնում, անօրինական քարոզարշավ անում, ամեն քվեի համար կյանք տալիս, ոչ էլ այն, որ օգտագործում է բոլոր լծակները, կանգ չի առնում ոչ մի ապօրինության ու իշխանազանցման առաջ, օգտվում ժողովրդի միամտությունից, դյուրահավատությունից, ամեն խրտվիլակի մեջ պաշտպան որոնելու խեղճությունից, նաև` ինֆորմացիայի պակասից, իշխանասիրությունից: Հիմա էլ բառացիորեն «պատերազմ» է հայտարարել ժողովրդին ու պատերազմով է վախեցնում…
Բայց այդ սպառնալիքները լսողները ընդամենը պետք է հիշեն վերջին 5 տարվա իրադարձությունները, թե այս մարդն ինչքան է շահարկել պատերազմի գործոնը: Նախ դա արեցին 2021-ի փետրվարին` ԳՇ պետին ու իր հրաժարականը պահանջող գեներալներին վախեցնելով, թե թուրքական զորքը կմտնի Հայաստան, Թուրքիան էլ հայտարարություն-ակնարկ արեց:
Հետո պատերազմի վախի ներքո և շանտաժով զիջեցին Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի կեսը, Սև լճի մի հատվածը, Սոթքից մի կտոր…դե, հո ձյունապատ սարերի համար չե՞նք կռվելու:
Հետո Ադրբեջանը մտավ Արցախ, Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ չի պաշտպանելու Արցախը, որովհետև դա ՀՀ սուվերեն տարածքից դուրս ընթացող վեճ է: Պաշտպանեն արցախցիներին` պատերազմ կլինի…Ընդ որում, Արցախի հայաթափումը կատարվեց Երևանի ընտրություններից մի քանի օր անց: Տպավորություն էր, թե Փաշինյանն Ալիևին խնդրել է` մի քանի օր ժամանակ տա իրեն, որ Երևանում իշխանություն վերցնի, հետո նոր նա հարձակվի Արցախի վրա…
Պարզվեց նաև, որ ՀՀ սուվերեն տարածքի համար էլ չեն պայքարելու: Տավուշից 4 գյուղ զիջեցին` հայ ժողովրդին սպառնալով, եթե այս տարածքը չտանք` հաջորդ շաբաթ պատերազմ կլինի…
Բայց անգամ պատերազմով սպառնալու հարցում Փաշինյանը «հետևողական» չէ` երբ զգում է, որ այդ սպառնալիքները խարխլում են իր դիրքերը, հայտարարում է, թե խաղաղություն է բերել: Ինչպես 25-ի օգոստոսին, Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրելուց հետո հայտարարեցին` վերջ. «կայուն խաղաղությունն այլևս իրողություն է»:
Հիմա նորից մտել ենք «պատերազմով սպառնալու» փուլ` ուրիշ ի՞նչ եղանակով կարող է քվե կորզել ՀՀ ընտրողից, եթե ոչ շանտաժի ու սպառնալիքի:
Մի հավատացեք այդ շանտաժին, պատերազմ բերողը հենց ինքն է, խաղաղությունն ու Փաշինյանը հակոտնյա են` ինչպես զուգահեռ գոյատևող գալակտիկաները…