Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել. Արփինե Սարգսյանը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մխչյանի դպրոցի մասով ի սկզբանե բոլորիս մոտ այն ընկալումն էր, որ, այո՛, փոշենման զանգվածը թմրանյութ է: Բնականաբար, այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո պետք է փորձաքննություն իրականացվեր: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով փորձաքննության արդյունքները:
«Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Կարող եք դիմել, եթե ՔԿ-ն ճիշտ համարի այս պահին՝ նախաքննության շրջանակներում, կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել:
Ինչո՞ւ եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզում ենք, որ թմրամիջոց չի եղել:
Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով: Ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, և եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չէ, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք դեպքի մասին»,-ասաց նախարարը: