Պարսից ծոցի երկրները հայտնել են Իրանի կողմից նոր հարվածների մասին

Վերջին ժամերի ընթացքում Պարսից ծոցի մի շարք երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, հայտնել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, գրում է BBC-ն։

ԱՄԷ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձագանքում է Իրանից եկող սպառնալիքներին և քաղաքացիներին տեղեկացրել, որ կարող են լսել ՀՕՊ համակարգերի՝ հարձակումները կասեցնելու ձայներ։

Քուվեյթը ևս զգուշացրել է իր ՀՕՊ համակարգի հետևանքով պայթյունների մասին և քաղաքացիներին խնդրել հետևել  անվտանգության հրահանգներին։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի արևելյան շրջանում ևս հինգ անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։

Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել  բնակիչներին անվտանգ վայրեր փնտրել։

Հարձակումը հետ մղելուց հետո պաշտոնյաները հայտարարել են, որ հարձակումն «իրանական ագրեսիայի» արդյունք է, և որ ընկնող բեկորները հրդեհ են առաջացրել պահեստում։

Բացի այդ, Քուվեյթի Մինա ալ-Ահմադի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով մի քանի հրդեհ է առաջացել։ Զոհեր չկան, հայտնում են պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով ազգային նավթային ընկերությանը։

«Մինա ալ-Ահմադիի նավթավերամշակման գործարանն այսօր վաղ առավոտյան ենթարկվել է մի քանի թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակումների, որոնք հրդեհներ են առաջացրել դրա որոշ ստորաբաժանումներում»,- հայտնել է Քուվեյթի լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ «մի շարք ստորաբաժանումների աշխատանքը դադարեցվել է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment