Շենգավիթի նախկին աշխատակցի մեղադրանքները՝ պաշտոնական պարզաբանումները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին աշխատակցի բողոքի ակցիան և հնչեցրած մեղադրանքները վերջին օրերին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ներկայացված պնդումները, ըստ վարչական շրջանի ղեկավարի կրում են միակողմանի բնույթ և ենթակա են բազմակողմանի քննության։ MegaNews-ի դիտարկումները և պաշտոնական պարզաբանումները թույլ են տալիս ավելի ամբողջական պատկեր կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 

Վարչական շրջանի ղեկավարի  փոխանցմամբ՝ աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը եղել է հիմնավորված և պայմանավորված աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարմամբ, ինչպես նաև կարգապահական խախտումներով։ Համայնքային ծառայությունը ենթադրում է բարձր պատասխանատվություն և հստակ կարգապահություն, և յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է ապահովել բնակիչներին մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակը։ Այս պահանջների խախտումը չի կարող անարձագանք մնալ, և նման դեպքերում համապատասխան արձագանքն անխուսափելի է։

 

Կոմունալ բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքները վարչական շրջանի ղեկավարի  կողմից գնահատվում են որպես անհիմն։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը MegaNews-ի հետ զրույցում ընդգծել է․ «Սերգեյ Սարգսյանը համակարգի ամենափորձառու և պատասխանատու աշխատակիցներից է։ Նրա հասցեին հնչող մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության հետ և չեն հաստատվում փաստական տվյալներով։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր աշխատանքի անցնելու համար գումար է պահանջվել կամ տրվել, ապա դրանք անհիմն են,ներկայումս առկա են թափուր հաստիքներ, և նման հայտարարությունները զուրկ են տրամաբանական հիմքից»։ Վարչական շրջանի ղեկավարի  գնահատմամբ՝ իրավիճակը պարունակում է սադրանքի տարրեր, որոնք միտված են վարկաբեկել համակարգի գործունեությունը և կոնկրետ պաշտոնատար անձանց։

 

Վարչական շրջանը դրական է գնահատում այն, որ նախկին աշխատակիցը դիմել է իրավապահ մարմիններին, քանի որ դա հնարավորություն է տալիս իրավական դաշտում ստուգել բոլոր պնդումները։ Ըստ նրանց՝ եթե առկա լինեին բռնության փաստեր, դրանք անխուսափելիորեն կստանային իրավական ընթացք, և ընթացող գործընթացները կոչված են ամբողջությամբ պարզաբանելու բոլոր հանգամանքները։ Աշխատավարձի վերաբերյալ բարձրացված հարցերը կրում են ընթացակարգային բնույթ, վերջնահաշվարկը կիրականացվի օրենքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետներում։

Միևնույն ժամանակ, MegaNews-ի լրագրողի հետ զրույցներում վարչական շրջանի մի շարք բնակիչներ նշել են, որ նախկին աշխատակցի վարքագիծը, իրենց գնահատմամբ, միշտ չի համապատասխանում համայնքային ծառայողի պահանջներին։ Նրանցից մի քանիսը նաև նշել են ոչ պատշաճ վարքագծի դրսևորումների մասին, այդ թվում՝ վիրավորական արտահայտություններ բակի երեխաների հասցեին։

 

Ստեղծված իրավիճակում կարևոր է առաջնորդվել բացառապես ստուգված փաստերով և զերծ մնալ միակողմանի գնահատականներից։ MegaNews-ը շարունակելու է հետևել զարգացումներին՝ ներկայացնելով թեմայի շուրջ բոլոր կողմերի դիրքորոշումները և ապահովելով հավասարակշռված, պատասխանատու լուսաբանում։

Մարգարիտա Դավթյան 

meganews.am 

 

Leave a comment