Ծոցի երկրները լավ տարբերակներ չունեն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Interfor International ընկերության գլխավոր տնօրեն Դոն Ավիվի եւ նրա ավագ խորհրդական Սեմ Ուորբիի Project Syndicate-ի համար գրված հոդվածի թարգմանությունը:
Դոն Ավիվ եւ Սեմ Ուորբի
Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սանձազերծել են պատերազմ, որը Պարսից ծոցի պետություններն ակտիվորեն փորձում էին կանխել դիվանագիտական ճանապարհով: Այժմ նրանց քաղաքացիական ենթակառուցվածքները ամենօրյա հարձակումների են ենթարկվում:
Եթե այս պատերազմում կա որեւէ դրական կողմ, դա այն է, որ Իրանն իր լայնամասշտաբ պատասխան գործողություններով ցրել է այն մտավախությունները, թե ինքը կարող է սրել Ծոցի պետությունների միջեւ առկա տարաձայնությունները: Վերջին ամիսներին Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան հայտնվել էին Սուդանում եւ հարավային Եմենում զինված հակամարտությունների հակադիր կողմերում։ Սակայն այժմ Ծոցի երկրները միասնական են Իրանի դեմ ուղղված իրենց զայրույթի, ԱՄՆ-ից հիասթափության (իրենց նախազգուշացումներն անտեսելու համար) եւ հետագա զարգացումների վերաբերյալ անորոշության մեջ:
Իրանի թիրախային հարվածները Ծոցի տարածաշրջանի ենթակառուցվածքներին եւ ամերիկյան բազաներին մտածված ռազմավարության արդյունք են: Իրանական պետական հեռուստատեսության մեկնաբանները նշում են, որ Քուվեյթը մինչեւ 1991 թվականը հանդիսանում էր զարգացող գլոբալ հանգույց, սակայն Պարսից ծոցի պատերազմից հետո այդպես էլ չկարողացավ լիարժեքորեն վերականգնել այդ կարգավիճակը: Այսպիսով, Իրանը, ըստ ամենայնի, գիտակցում է, որ ԱՄՆ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը, այլեւ օգտագործել այն վնասը, որը հասցվում է Ծոցի՝ որպես անվտանգ եւ կայուն տարածաշրջանի հեղինակությանը:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) անդամ վեց պետությունները լավ տարբերակներ չունեն։ 
Դիվանագիտական լուծմանն ուղղված չափազանց ակտիվ ջանքերը կարող են հարուցել բացարձակ հաղթանակի հակված ԱՄՆ նախագահի դժգոհությունը։ Դրանում նաեւ իրանական վարչակարգի լեգիտիմացման ռիսկ կա, որը լկտիաբար հարձակվել է ՊԾԱՊՀԽ-ի վրա։ ՊԾԱՊՀԽ ավելի շատ անդամ երկրներ հիասթափություն են զգում սեփական տարածաշրջանում առանցքային իրադարձությունների վրա ազդելու կարողությունը կորցնելու պատճառով։
Այս հիասթափությունը սնում է շահարկումներն այն մասին, թե ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կամ նույնիսկ Կատարը կարող են հարձակողական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝ փաստացիորեն ներքաշվելով պատերազմի մեջ։ Գրեթե ամենօրյա հաղորդագրությունները, որոնք հաճախ իսրայելական ծագում ունեն եւ մշտապես արագորեն հերքվում են, պնդում են, թե նման գործողություններն արդեն ընթանում են։
ԱՄԷ-ն գտնվում է նման շահարկումների կենտրոնում։ Իրանական հարվածների արտակարգ մեծ ծավալի դեմ փայլուն պաշտպանական գործողություն իրականացնելով՝ ԱՄԷ-ն հիմքեր ունի անցնելու զսպման ռազմավարությանը՝ իրանական թիրախներին հարվածներ հասցնելու միջոցով։ Սակայն էմիրությունների ղեկավարությունը զգուշությամբ է վերաբերվում նման հեռանկարին՝ հաշվի առնելով, թե ինչ կա խաղասեղանին։
Սաուդյան Արաբիան ավելի քիչ հարվածներ է ստացել եւ տեղեկատվությունը պահում է ավելի խիստ վերահսկողության տակ։ Սակայն սաուդցիները պատմականորեն իրենց համարել են ՊԾԱՊՀԽ-ի առաջնորդներ եւ կարող են հնարավորություններ փնտրել այդ դերն ամրապնդելու համար։ Կատարյալ տարբերակում նրանց ցանկացած ջանք պետք է հանգեցներ դիվանագիտական կարգավորման, բայց հաշվի առնելով Թագավորության ռազմական ներուժի մասշտաբները՝ հեշտ է հասկանալ, թե ինչու են իսրայելցիները ցանկանում տեսնել նրանց ներգրավումը պատերազմում։
Արժե նաեւ դիտարկել, թե արդյոք ՊԾԱՊՀԽ-ի ներսում մրցակցային հարաբերությունները կարող են կրկին դրսեւորվել պատերազմի շարունակությանն զուգընթաց: ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան մրցակցում են Պարսից ծոցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անփոխարինելի գործընկերոջ դիրքի համար: Եթե Թրամփն ակնարկի, որ շահագրգռված է Իրանի դեմ պատերազմին Ծոցի պետությունների մասնակցությամբ, ապա տարածաշրջանի մեկ կամ մի քանի առաջնորդներ կարող են հնարավորություն տեսնել մյուսների նկատմամբ առավելություն ստանալու համար: Հենց որ Ծոցի որեւէ պետություն հարված հասցնի Իրանին, դա կարող է ստիպել մյուսներին հետեւել այդ օրինակին:
Այսօր Ծոցի երկրների համար գլխավոր առաջնահերթությունը իրանական հարվածների դադարեցումն է, տարանցիկ երթուղիների բացումը եւ էներգակիրների արդյունահանման վերականգնումը: Սակայն այս պետությունները նաեւ լավ գիտակցում են, որ եթե Իսլամական Հանրապետությունն այս հակամարտությունից դուրս գա առանց էական կորուստների եւ առանց իր դիրքորոշման մեղմացման, ապա կոգեւորվի եւ մեծ հավանականությամբ կձգտի միջուկային զենքի տիրապետել:
Հաշվի առնելով իրանական ագրեսիայի լրջությունը՝ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան կաջակցեն միայն այնպիսի լուծմանը, որն էապես կնվազեցնի հետագա իրանական հարձակումների սպառնալիքը: Եթե դիվանագիտությունը չկարողանա նման արդյունք ապահովել, ապա ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Ծոցի մյուս պետությունները կարող են անհատապես կամ հավաքական կերպով դիտարկել այլ տարբերակներ:
Ծոցի պետությունների համար կարճաժամկետ հեռանկարում ամենահավանական դիրքորոշումը ռազմավարական համբերությունն է. հեգնական է, բայց սա այն մոտեցումն է, որին երկար ժամանակ հավատարիմ էր Իրանը: ԱՄԷ-ն եւ, հատկապես, Սաուդյան Արաբիան ուշադիր կհետեւեն պատերազմի հետագծին՝ գուցե զուր փնտրելով նշաններ այն մասին, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելն ունեն հստակ ռազմավարություն՝ հասանելի նպատակներով:
Եթե վճռորոշ արդյունքը հասանելի թվա, ԱՄԷ-ն եւ, հնարավոր է, Սաուդյան Արաբիան կարող են որոշում կայացնել միանալու ջանքերին՝ ներդրում ունենալով ռազմաօդային ուժերի կամ այլ ռեսուրսների միջոցով այն պահին, երբ ամերիկա-իսրայելական կոալիցիան մոտ լինի հաղթանակին: Եթե, ընդհակառակը, հակամարտությունը վերածվի ձգձգվող «ճահճի», Ծոցի պետությունները կշարժվեն դեպի դիվանագիտական միջնորդություն՝ աշխատելով գտնել այնպիսի տարբերակներ, որոնք թույլ կտան «փրկել ԱՄՆ-ի դեմքը»:
Ռազմավարական համբերության դրսեւորումը ներկա փուլում կարող է հանդիսանալ առավել ողջամիտ մոտեցումը, սակայն որքան երկար է տեւում պատերազմը, այնքան ավելի է խաթարվում Ծոցի՝ որպես կայուն գլոբալ հանգույցի հեղինակությունը: 
Բնականաբար, ՊԾԱՊՀԽ երկրները կարող են դիտարկել ԱՄՆ-ից մասնակի տարանջատման տարբերակը՝ թիրախի դերում չմնալու համար: Նախկինում նրանք փորձել էին դիվերսիֆիկացնել իրենց կապերը ԱՄՆ-ի հետ՝ փնտրելով գործընկերություն Չինաստանի հետ, որը կենսական շահեր ունի Մերձավոր Արեւելքում եւ ակնարկում է ներկայիս հակամարտությունը լուծելուն օգնելու պատրաստակամության մասին: Սակայն Չինաստանի հիմնական մտահոգությունը էներգակիրների ներկրման հոսքի պահպանումն է, ինչը կարող է լուծվել առանց անվտանգության ոլորտում խոշոր ներդրումների կամ ԱՄՆ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման: Չինաստանի այժմյան ռազմավարությունն աշխատում է, եւ քիչ հավանական է, որ նա փոխի այն, եթե տարածաշրջանային կարգը լիովին չփլուզվի:
Մոտ ժամանակներում քիչ հավանական է ինչպես Ծոցի պետությունների հարձակումը Իրանի վրա, այնպես էլ պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը: Սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայության պայմաններում Ծոցի պետությունները ձգտելու են ավելի ակտիվորեն մասնակցել օրակարգի ձեւավորմանը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026. 
www.project-syndicate.org 

Leave a comment