Իրանը շարունակում է գազի արդյունահանումը՝ պահպանելով անվտանգության միջոցները

Բաժանորդագրվել

Գազային ոլորտի օբյեկտների վրա հարձակման հետևանքով վնասվել են վերամշակող հզորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հարձակումից հետո Իրանը շարունակում է գազի արդյունահանումը՝ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։ Այս մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերությունը։

Ըստ ընկերության տվյալների՝ տեղի ժամանակով մոտ 14:00-ին գազային ոլորտի օբյեկտների թիրախավորման հետևանքով վերամշակող օբյեկտներ են վնասվել։

«Այս պահին գազի արդյունահանումն ընթանում է անվտանգության կանոնների պահպանմամբ, երկրի գազամատակարարման ցանցը կայուն վիճակում է։ Ոչ մի շրջանում գազի մատակարարման կամ ապահովման սահմանափակումներ չկան»,-ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հարավային հատվածի նավթագազային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին։ Մասնավորապես թիրախավորվել են «Հարավային Փարս» հանքավայրն ու Ասալույե արդյունաբերական գոտին, որը զբաղվում է այդ պաշարների վերամշակմամբ։

Դրանից հետո Իրանը նախազգուշացում էր հրապարակել, որ ծրագրում է հարվածել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի վառելիքաէներգետիկ համակարգերին, իսկ Իրանի զինվորականները հաստատել էին իրենց էներգետիկ օբյեկտների վրա հարձակմանը պատասխանելու մտադրությունը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment