Միրզոյանը Մասկատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Քաղաքականություն

18.03.2026 | 16:39

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ Ալ-Մավալիի հետ։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ:

Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր՝ երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը:

Տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ՀՀ տեսլականի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ:

Արարատ Միրզոյանը և Սաիդ բին Համուդ Ալ-Մավալին մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարական կրթության, արհեստական բանականության որոտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment