«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը

Ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում շտապ ասուլիս է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հին՝ 4 տարի առաջ արված  հայտարարությունները վերլուծելու նպատակով։ 

Արտապատկերումը՝ «Հայելի» ակումբի YouTube-յան ալիքից։ 

Նա, մասնավորապես, մեջբերել է Ալիևի 2022 թվականի հունվարի 12-ի ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված, որում Ալիևն ասում է, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չճանաչելու բազմաթիվ պատճառներ ունի։ 

Տեսանյութն ունեցել է 18 հազար դիտում։ 

Ավելի վաղ Factor TV-ի մեր գործընկերները պարզել էին, որ Ալիևի հին հայտարարությունները որպես թարմ իրադարձություն էին ներկայացրել ռուսամետ տելեգրամյան ալիքները․ մասնավորապես, տեղեկատվական արշավը սկսել են  «Параллель-Z» և «Миг Инфо» տելեգրամյան ալիքները։ 

X-ում, Ֆեյսբուքում և Ինստագրամում ևս Ալիևի հին խոսքերը տարածվել են որպես թարմ տեսանյութ՝ հավաքելով տասնյակ հազարավոր դիտումներ։ 

Տեսանյութը տարածած «Ճշմարտության ձայն» ֆեյսբուքյան էջը Ալիևի խոսքերը մեջբերելուց հետո նշում է«․․․ Ուրախ ավտոբուսի պասաժիրները Ալիևին բան չունե՞ն ասելու»։ 

17 հազար հետևորդ ունեցող այս էջը հիմնականում իրականացնում է հակաարևմտյան քարոզչություն, բացի այդ՝ տարածում Հայաստանի իշխանություններին վարկաբեկող նյութեր։

Ո՞վ է Հայկ Նահապետյանը 

Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակը», մշտադիտարկելով ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանի հանրային խոսքերը, պարզել էր, որ չնայած հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների կողմից պահանջված լինելուն, նրա վերլուծությունները լի են կեղծ ու քարոզչական պնդումներով, իսկ վերլուծություններն ու քաղաքական կանխատեսումները մեծ մասամբ իրականություն չեն դառնում։ 

Նանե Մանասյան

The post «ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը appeared first on FIP.AM.

Leave a comment